Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ի՞նչ չափանիշներով էին ընտրվել լավագույնները

Ի՞նչ չափանիշներով էին ընտրվել լավագույնները
19.12.2008 | 00:00

ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ՄԻ ՄՐՑՈՒՅԹ
Որ ցանկացած մրցույթ չի կարող լինել բացարձակ օբյեկտիվ, անաչառ կամ անկողմնակալ, գիտեն երևի բոլորը։ Սակայն կան որոշ արարողակարգեր, որ թեկուզ ձևականորեն, այնուամենայնիվ, պահպանվում են։ Օրինակ, այն, որ մրցույթի բոլոր մասնակիցները պետք է պարտադիր ներկա գտնվեն ամփոփիչ մրցանակաբաշխությանը, և հաղթողների անունները հայտնի են դառնում ոչ թե նախօրոք, այլ հենց այդ ժամանակ։ Այն մրցույթը, որի մասին գրում ենք, այդ առումով նույնպես եզակի էր և բացառիկ։
«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ն և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) 2008 թ. հունիսից համատեղ հայտարարություն տպագրեցին թերթերում` «Երեխաների իրավունքները նորովի» կրթական ծրագրի շրջանակներում երեխաների խնդիրներին վերաբերող լավագույն լրագրողական նյութեր հայտնաբերելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու գայթակղությունն առավել մեծ էր այն լրագրողների մոտ, ովքեր տարիներ շարունակ իրենց տեսադաշտում են պահել երեխաների հիմնախնդիրները և պարբերաբար անդրադարձել են թեմային։ Նրանք պարզեցին, որ հոկտեմբերի 26-ին` մրցույթի վերջին օրը, չորս նոմինացիաների համար աշխատանք են ներկայացրել 24 լրագրող, և արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 20-ին։ Հետո պարզվեց, որ մրցանակաբաշխության ամփոփումը կկայանա դեկտեմբերի 5-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում։ Դա էլ ոչինչ, եթե ՀԿՀԱ-ից նախօրոք չտեղեկացնեին համարյա բոլոր մասնակիցներին, որ նրանց աշխատանքները չեն արժանացել մրցանակի, և նրանց մասնակցությունը պարզապես պարտադիր չէ և ոչ էլ ցանկալի։ Մրցանակների հանձնման արարողությունից հրաժարված իմ գործընկերներից շատերը խնդրեցին ինձ ներկա գտնվել իրենց փոխարեն և մամուլում ներկայացնել սույն մրցույթի հանդիսավոր ավարտը։ Ոչ փոքր սրահում 20-25 մարդ կար, իսկ սեղանին մամուլի հաղորդագրությունը` պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հաղթող ճանաչվածների անուններով։ Ի դեպ, այդպես էլ չպարզվեց, թե ովքեր էին պրոֆեսիոնալ ժյուրիի նախագահը կամ անդամները, և ի՞նչ չափորոշիչներով էին նրանք ընտրել լավագույններին։ Հաղորդագրությունից նաև պարզվեց, որ միաժամանակ մրցանակներ և պատվոգրեր պետք է ստանան երեխաների իրավունքներին նվիրված լավագույն դասաժամի սցենարի մրցույթի հաղթող հինգ ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից։ Այս մրցույթի հաղթողների մասին կարծիք հայտնել չեմ կարող, քանի որ իրազեկված չեմ, և բոլորն էլ անծանոթ անուններ էին։ Ինչ վերաբերում է հաղթող լրագրողներին, հնարավոր չէ չանդրադառնալ։ Եվ այսպես, հաղթող են ճանաչվել «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս Լիբերթի» երիտասարդական ծրագիրը, «Ռադիո Վանից»` Էլեոնորա Ասլանյանը, «Առավոտ» օրաթերթից` Լուսինե Բուդաղյանը և «Panorama.am» ցանցային լրատվամիջոցը։
Մրցանակները հանձնում էին ՄԱԿ-ի գրասենյակին կից գործող «Պատանի լրագրողներ» խմբակի սաներից չորսը, որոնք ներկայացել էին ճիշտ ժամին, շքեղ հագնված, հոգատար ծնողների ուղեկցությամբ և թութակի պես կրկնում էին իրենց ուսուցչուհի Սուսաննա Մարգարյանից սերտած խոսքերը` «Շնորհակալություն ենք հայտնում, որ դուք գրում եք մեր մասին» բառերը։ Խեղճ երեխաները որտեղի՞ց իմանային, որ մրցույթի նպատակն իրենց մասին գրելը չէ, այլ ծնողազուրկ, անապաստան, մուրացիկ, փողոցում հայտնված, միակողմանի ծնողազուրկ, որբ, մանկատներում ապրող և դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների մասին գրելը, նրանց իրավունքները պաշտպանելը և նրանց աջակից, սատար լինելը։ Որտեղի՞ց պետք է նրանք իմանային այդ մասին, եթե նախորդ ելույթ ունեցողները` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տնօրենը, ծրագրի ղեկավար Էմիլ Սահակյանը, ՀԿՀԱ-ի նախագահ Արա Սաղաթելյանը և ԿԳ նախարարության ներկայացուցիչը, միաբերան նույն ծամծմված մտքերն էին կրկնում երեխաների խնդիրները ներկայացնելիս ԶԼՄ-ների դերի, նման ծրագրերի և մրցույթների կազմակերպման անհրաժեշտության մասին։ Ոչ մի կոնկրետ օրինակ, ոչ մի նոր առաջարկ, ոչ մի վերլուծություն ներկայացված աշխատանքների դրական կողմերի կամ թերությունների մասին չկային։ Բայց մրցույթի ամենաուշագրավ դրվագը դեռ առջևում էր։ Մրցույթի կազմակերպիչները երեխաների խնդիրներին անդրադարձող լրագրողների համար պատրաստել էին 15 կետից բաղկացած հատուկ էթիկայի կանոններ, որոնց տակ ստորագրված անունների ընթերցանությունը ոչ միայն զարմանք, այլև ծիծաղ էր առաջացնում։ Բերենք մի քանի օրինակ, Արմինե Օհանյան` «Հայկական ժամանակ» (արդեն երեք տարի է, ինչ նա չի աշխատում «Հայկական ժամանակում», այժմ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրն է, գոնե նախորդ աշխատավայրը նշեին` «Ժամանակ Երևան»), Ռուզան Արշակյան` «Հայոց աշխարհ» (2 տարի է, ինչ նա Իսպանիայում է բնակվում), Լուսինե Մարգարյան և Արմինե ՈՒդումյան` «Առավոտ» (քանի՛ տարի է, որ նրանք աշխատում են տարբեր գերատեսչություններում որպես մամլո քարտուղարներ), ինչպես նաև Սոնա Տռուզյանը «Երկիր» թերթին, իսկ Անուշ Սամվելյանը «Հայաստանի Հանրապետությանը» վաղուց են հրաժեշտ տվել, և այսպես շարունակ։
Հասկանալի է, որ վաղեմության շունչ փչող այդ ցուցակը կազմել են 2005 թ., երբ առաջին անգամ նման մրցույթ է անցկացվել։ Մի՞թե դժվար էր անունները թարմացնել, ճշտել, նոր շունչ հաղորդել։ Չէ՞ որ շատ լրագրողների անունները կարդալիս անպայման ուզում ես իմանալ, թե ինչ հոդվածներ են նրանք գրել ի պաշտպանություն երեխաների իրավունքների։ Գուցե հարկ կա, որ նախորդ և նոր մրցույթի հաղթողների աշխատանքներն առանձին գրքույկով ներկայացվեին հանրությանը։ Սրանք հարցեր են, որոնք պետք է արժանանային մրցույթի կազմակերպիչների ուշադրությանը, և լավ կլիներ, եթե մրցանակաբաշխության ավարտին նրանք դիմեին ներկաներին` տպավորություններն անկեղծորեն կիսելու և նոր առաջարկությունների ակնկալիքով։
Եղան նաև մանր թերություններ, որոնք շտկելի են.
ա) առանց բացատրելի պատճառի միջոցառումը 20 րոպե ուշացումով սկսելը,
բ) բարձրախոսի չաշխատելը և ելույթների չլսվելը,
գ) թարգմանչուհու ինքնագործունեությունը, երբ պատրաստի տեքստը կարդալու փոխարեն փորձում էր կմկմալով սինխրոն թարգմանություն անել։
Ահա այսպիսի մի մրցույթ, որի ղեկավարներին խորհուրդ կտայինք առաջիկայում ավելի ուշադիր լինել աշխատանքում, քանզի այս ամենը տեսնելով և լռելով ենք հասել այս իրավիճակին, երբ, ի վերջո, չգիտենք` ո՞ւր ենք գնում, և մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու։
Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5070

Մեկնաբանություններ